|
|
Համաձայն ուսուցողական ծրագրի` սկզբնական շրջանում սաները ծանոթանում են գեղանկարչություն առարկային և սովորում են գծանկարել։ Հասարակ պատկերներ նկարելուց հետո փորձում են արտապատկերել նախշեր, էսքիզներ, բնապատկերներ՝ աստիճանաբար անցնելով ազատ թեմայով ստեղծագործական աշխատանքի՝ ներդնելով իրենց մանկական վառ երևակայությունն ու հեքիաթային պատկերացումները։
Խմբակի երեխաներն ուսուցման ընթացքում ծանոթանում են նաև մանրանկարչությանը։ Կենտրոնի ցուցասրահում պարբերաբար ցուցադրվում են նրանց մանրանկար աշխատանքները, որոնք աչքի են ընկնում իրենց գունագեղությամբ։ Համագործակցելով խեցեգործության խմբակի սաների հետ, նրանց պատրաստած կավե աշխատանքների վրա նկարում են հայկական զարդանախշեր։
Սաներն իրենց աշխատանքներով բազմիցս մասնակցել են տարաբնույթ միջոցառումների։ 2003 թ. կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների աշխատանքները՝ Սուրբ Ծննդի և Ամանորի թեմաներով, Մոնակոյում անցկացված միջազգային նկարչական մրցույթում արժանացել են մրցանակների։
2004թ. և 2006թ. Չեխիայի Լիդիսե քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված մինչև 16 տարեկան պատանիների միջազգային նկարչական մրցույթների մասնակից 4 երեխաներ գրավել են մրցանակային տեղեր՝ արժանանալով դիպլոմների։
Ընդգրկուն աշխատանքներ են տարվում երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորման, զարգացման, հոգևոր և բարոյական դաստիարակության ուղղությամբ։

|
 |